Երկրորդ կյանք ծաղկեփնջին
Շատերը ծաղկեփնջեր նվեր ստանալ չեն սիրում միայն այն պատճառով, որ ծաղիկները վաղ թե ուշ թոշնելու են ու հայտնվեն աղբամանում։ Իսկ մենք առաջարկում ենք երկրորդ կյանք տալ դրանց։
Սկզբի համար եկեք հիշենք, որ պատրաստվում ենք տնկել ոչ թե վարդի թուփ, այլ ծաղկեփնջի վարդ, դրա համար էլ գործընթացը շատ ջանք է պահանջում, ու հավանական է, որ անհաջողություններով կուղեկցվի։
Այգեպանները պնդում են, որ դոնոր-թուփը պետք է աճած լինի ինքնուրույն՝ առանց քիմիական հավելումների։ Ցողունը պետք է տնկել կտրելուց մի քանի ժամ անց․ ավելի երկար թողնելու դեպքում հնարավոր է ոչինչ չստացվի։
Ընտրենք ծաղիկը․
Որքան էլ խանութներում ծաղիկները շքեղ տեսք ունենան, դրանցից ոչ բոլորն է հնարավոր տնկել։ Դրանք հիմնականում քիմիական հավելումներով են աճեցված լինում, քանի որ հակառակ դեպքում ծաղիկները երկրից երկիր չեն կարողանա տեղափոխել։ Այդ հավելումները մարդկանց համար անվտանգ են։
Եթե ցանկանում եք աճեցնել, ապա ընտրեք տեղական ծաղիկներ, որոնք զուրկ են քիմիական հավելումներից։
Հաջորդ բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա ծաղկի գույնն է։
Սպիտակ, մարմնագույն, դեղին ծաղիկները կամ էկզոտիկ սորտերը կամ երկու գույն ունեցող վարդերը չեն աճի՝ որքան էլ ջանք ներդնեք։
Կարմիր, վարդագույն կամ մուգ կարմիր վարդերի դեպքում հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է։
Կարևոր է, որ ցողունները լինեն ձիգ, պինդ և մուգ կանաչ։ Իսկ այն հատվածները, որտեղից աճում են տերևները, պետք է ավելի բաց կանաչ լինեն։
Ցանկալի է ծաղիկները տնկել ամռանը։
Աճեցնելու համար կարևոր է ուշադրություն դարձնել երկու բանի․ ճիշտ կտրել ցողունը և ընտրել աճեցնելու տարբերակը։
Գտեք այն հատվածը, որտեղ տեղակայված են 3 բողբոջները։ Վերևինից 2սմ հետո ուղիղ կտրվածք արեք։ Ներքևինից չափեք 1,5 սմ և մնացածը կտրեք 45 աստիճան անկյան տակ։ Տարբեր տեսակի կտրվածքներն օգնում են չշփոթել՝ որ կողմից եք տնկելու ծաղիկը։
Մեկ ցողունից կարող եք մի քանի տնկի ստանալ, կարևորը, որ ցողունը թարմ և անվնաս լինի։
Կտրելու համար օգտագործեք դանակ, աղտահանեք այն սպիրտով կամ եռացրած ջրով՝ միկրոբները վերացնելուհամար։ Մկրատը հարմար տարբերակ չէ։
Բոլոր տերևները մաքրեք, բացի մեկից։ Մնացած մեկ տերևի կեսը կտրեք, որպեսզի սնուցող նյութերը չկլանի, իսկ մյուս կեսը թողեք ֆոտոսինթեզի համար։
Կտրվածքը մշակեք արմատների աճը խթանող նյութով, որոնք կարող եք գտնել այգեգործական խանութներում։
Որքան շատ տնկիներ պատրաստեք, այդքան հավանականությունը մեծ է, որ որևէ արդյունք կունենաք։ Այդ իսկ պատճառով խորհուրդ են տալիս միանգամից մոտ 10 տնկի պատրաստել։
Ընտրում ենք աճեցման մեթոդը․
Մեթոդները տարբեր են․ կոնկրետ որը կաշխատի, բարդ է ասել։ Մենք Ձեզ կներկայացնենք դրանցից մեկը։
Նախապես գնեք վարդի համար նախատեսված հող։ Այն կարող եք գտնել այգեգործական խանութներում կամ խոշոր սուպերմարկետներում։ Յուրաքանչյուր տնկիի համար առանձնացրեք մեկ խորը ծաղկաման կամ պլաստիկ բաժակ։ Ծաղկամանի կամ բաժակի հատակին փոքրիկ քարեր շարեք։
Ծաղկամանի մեջ լցրեք հողը և այն չափի փոս թողեք, որպեսզի տնկիի մեծ մասը տեղավորվի։ Թաթախեք այն աճը խթանող նյութի մեջ, դրեք հողի մեջ և ծածկեք հողով։ Ուղղակի ներս խրել չի կարելի․ նյութը պարզապես, կմաքրվի ինչպես նաև կվնասվեն ծաղկի ստորին հյուսվածքները, ինչը կխանգարի արմատներին աճել։
Յուրաքանչյուրը ծածկեք կտրված պլաստմասե շշով կամ պոլիեթիլենային տոպրակով՝ մի փոքր օդ թողնելով։ Այդպիսով ջերմոցին փոխարինող միջոց կստանաք։
Հողը մշտապես պետք է մի թեթև խոնավ լինի, մի թողեք որ այն լրիվ չորանա։ Ջրելիս բացեք “ջերմոցը”, որպեսզի բույսը շնչի։ Ջերմոցից ամբողջովին ազատվել կաորղ եքմիայն այն ժամանակ, երբ նոր տերևները ծիլ կտան։
Եթե դրանց քանակը 3-6 է հասել, արդեն կարող եք բույսը տեղափոխել բաց հողատարածք, օրինակ՝ այգի։ Ոչ մի դեպքում մի հանեք տնկին՝ արմատները ստուգելու նպատակով։ Դրանից հետո նորից տնկել չի ստացվի։
Որպեսզի ծաղիկը հարմարվի նոր՝ տեղափոխված միջավայրին, դրսում պետք է իրեն հարմար ջերմաստիճան և օդի խոնավություն լինի։
Եվ մի մոռացեք․ ծաղիկը ցանկալի է տնկել ամռանը, կամ գարնան վերջում, մայիս ամսից ոչ վաղ, քանի որ երիտասարդ ծաղիկը կարող է ցրտահարվել։