Ինչպե՞ս խնամել ծաղիկները
Երբ նվեր եք ստանում գեղեցիկ ու ճոխ ծաղիկներ, շատ կարևոր է իմանալ թե ինչպես խնամել և հոգ տանել նրանց մասին, որ նրանք որքան հնարավոր է երկար մնան թարմ, փարթամ ու բուրավետ: Ծաղկեփունջը տուն բերելով և ծաղկամանի մեջ դնելով չի կարելի նրա խնամքը համարել ավարտած: Ծաղիկը, սենյակային բույսերի նման, ունի ամենօրյա խնամքի ու հոգատարության կարիք:
Շատ կարևոր է ծաղիկների ճիշտ ընտրությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս ծաղիկը գնել դեռ կոկոն վիճակում, քանի որ այս դեպքում այն ավելի երկար կմնա թարմ:
Այնուհետև պետք է ընտրել ճիշտ ծաղկաման: Օրինակ վարդն ու մեխակը պետք է դնել հախճապակյա լայն ծաղկամանի մեջ, որ ցողունները իրար չխանգարեն: Երիցուկն ու գերբերան պետք է դնել սպիտակ ճենապակյա երկար ծաղկամանի մեջ եւ ուշադրություն դարձնել ջրի պարունակությանը:
Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի ներքևի հատվածը (այն մասը, որը գտնվելու է ծաղկամանի մեջ), ազատել ավելորդ տերևներից: Ինչ վերաբերում է ջրի ջերմաստիճանին՝ ամռանը կարելի է թարմ ջուր լցնել հենց ծորակից, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները:
Գերբերաները, կալաները, կակաչները, որոնք ունեն նուրբ պոչեր, պետք է դնել մոտ 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ եւ պոչերն ուղիղ կտրել, քանի որ շատ ջրի դեպքում պոչերը ուղղակի կնեխեն: Մնացած ծաղիկների դեպքում, անհրաժեշտ է նրանց պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:
Կա այնպիսի կարծրատիպ, որ ծաղկի տեսքը թարմ պահելու համար ջրի մեջ պետք է ավելացնել շաքարավազ, ասպիրին, ածուխ, սպիրտ, սակայն մարդկանց նման ծաղիկներն էլ են սիրում թարմ ջուր խմել, հետեւաբար` հարկ չկա ջրի մեջ հավելանյութեր ավելացնել:
Եվս մեկ կարծրատիպ է այն, որ վարդերի փշերը պետք է հեռացնել: Իրականում այդպես անել չի կարելի, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում: